Մադրիդի «Ռեալի» ճամբարում տիրող ճգնաժամային իրավիճակը ստվերում է թիմի գլխավոր առեղծվածներից մեկը՝ Կիլիան Մբապեի ձախ ծնկի իրական վիճակը։ Դեկտեմբերի 7-ին «Սելտայի» դեմ խաղում ստացած վնասվածքից հետո ֆրանսիացու մասնակցությունը յուրաքանչյուր խաղին վերածվել է հարցականի։ Սակայն «Լևանտեի» դեմ վերջին հանդիպումը ցույց տվեց, որ Մբապեն պատրաստ է պատասխանել S.O.S. ազդանշանին՝ անգամ վնասվածքի վտանգի գնով։ Այս մասին տեղեկացնում է AS-ը։
«Լևանտեի» դեմ խաղից առաջ Մբապեի մասնակցությունը կասկածի տակ էր, սակայն նա ոչ միայն դուրս եկավ խաղադաշտ, այլև անցկացրեց ամբողջ 95 րոպեն։ Իրավիճակն ավելի դրամատիկ դարձավ նախավարժանքի ժամանակ, երբ Հոյսենի հետ բախումից հետո Մբապեն հայտնվեց խոտածածկին՝ խուճապ առաջացնելով տրիբունաներում։ Բժիշկների միջամտությունից հետո թվում էր, թե նա զգուշավոր կլինի, բայց հակառակը՝ ֆրանսիացին դարձավ խաղի ամենաակտիվ ֆիգուրը՝ իր անհատական վարպետությամբ և վաստակած 11-մետրանոցով հաղթանակ պարգևելով թիմին (1։0):
«Լևանտեին» խփած գոլը հատուկ նշանակություն ունեցավ վիճակագրության տեսանկյունից։ Կիլիանը դարձավ «Ռեալի» պատմության երկրորդ ֆուտբոլիստը, ով ամենաարագը հատեց Լա լիգայում 50 գոլի սահմանագիծը։ Դրա համար նրան պահանջվեց 53 խաղ։ Այս ցուցանիշով նա զիջում է միայն իր կուռքին՝ Կրիշտիանու Ռոնալդուին, ով նույն արդյունքին հասել էր 51 խաղում։
Առջևում էմոցիոնալ և սկզբունքային հանդիպում է։ Երեքշաբթի «Ռեալը» կընդունի «Մոնակոյին»՝ այն ակումբին, որտեղ Մբապեն կատարել է իր առաջին ֆուտբոլային քայլերը (60 խաղ, 27 գոլ, 16 ասիստ)։ Հաշվի առնելով խաղի կարևորությունը և Մբապեի նվիրվածությունը՝ քիչ հավանական է, որ մարզչական շտաբը հանգիստ տա նրան, չնայած շաբաթ օրվա ծանրաբեռնվածությանը։ Մբապեն, կարծես, որոշել է խաղալ «վա-բանկ»։
























































