Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դեմ կարող է հայց ներկայացվել Սպորտային արբիտրաժային դատարան (CAS)։ Ըստ Daily Mail-ի՝ պատճառը Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որակազրկման ժամկետը կրճատելու «վիճահարույց» որոշումն է։
Խոսքը 2026 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի՝ Իռլանդիայի դեմ խաղում (2:0) ստացած կարմիր քարտի մասին է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պորտուգալացի ֆուտբոլիստի պատիժը սահմանվել է 1 խաղով որակազրկում փաստացի և ևս 2 հանդիպում՝ պայմանական եղանակով։
Աղբյուրի տեղեկություններով՝ այն հավաքականները, որոնք Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին երկու տուրերում մրցելու են Պորտուգալիայի դեմ, դիտարկում են CAS դիմելու տարբերակը։
Հայցվոր կողմը պետք է հիմնավորի, որ Ռոնալդուին ընդամենը մեկ խաղով հեռացնելու որոշումն ուղղակիորեն ոտնահարում է իրենց շահերը և նվազեցնում խմբից դուրս գալու հավանականությունը։
Բացի այդ, նրանք պետք է ապացուցեն, որ ՖԻՖԱ-ի՝ պատիժը մեղմացնելու որոշումը եղել է սխալ։

























































