Opta-ի մասնագետները Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի մեկնարկային ութ տուրերից հետո գործարկել են սուպերհամակարգիչ, որը կանխատեսել է մրցաշարում թիմերի հաղթելու հնարավորությունները։
Սուպերհամակարգչի կանխատեսման համաձայն՝ ութ տուրերից հետո Պրեմիեր լիգան հաղթելու գլխավոր ֆավորիտը Լոնդոնի «Արսենալն» է։
Միկել Արտետայի գլխավորած թիմը ներքին առաջնությունը հաղթելու 51.74 տոկոս հնարավորություն ունի։ «Զինագործների» գլխավոր մրցակիցը գործող չեմպիոն «Լիվերպուլն» է, որի հաղթանակի հավանականությունը կազմում է 21.61 տոկոս։
Լավագույն եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթին»՝ 16.7 տոկոս հավանականությամբ։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ութ տուրից հետո «Արսենալը» 19 միավորով գլխավորում է աղյուսակը։ Երկրորդ տեղում է «Մանչեսթեր Սիթին» (16 միավոր), իսկ չորրորդ տեղում՝ «Լիվերպուլը» (15 միավոր)։

























































