Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին հուզիչ պահեր ապրեց Բուենոս Այրեսում կայացած ԱԱ-2026 ընտրական փուլի Վենեսուելայի դեմ խաղում, որը, նրա խոսքով, կարող էր լինել իր վերջին հանդիպումը հայրենիքում:
38-ամյա ֆուտբոլիստը խաղից առաջ չկարողացավ զսպել արցունքները՝ մարզադաշտ մտնելով իր որդիների՝ Տիագոյի, Մատեոյի և Չիրոյի հետ: Երկրպագուները ջերմորեն ողջունեցին նրան՝ բացելով «Շնորհակալություն ամեն ինչի համար, ավագ» գրությամբ պաստառ:
Մեսսին դարձավ խաղի հերոսը՝ խփելով երկու գոլ (39-րդ և 80-րդ րոպեներին): Լաուտարո Մարտինեսը ևս աչքի ընկավ 76-րդ րոպեին՝ ապահովելով Արգենտինայի 3:0 հաշվով հաղթանակը: Մեսսիի հնարավոր հեթ-տրիկը չեղարկվեց 89-րդ րոպեին խաղից դուրս վիճակի պատճառով: Այս գոլերով նա ազգային հավաքականում իր գոլերի թիվը հասցրեց 114-ի: Այս խաղը Մեսսիի համար դարձավ 72-րդը աշխարհի առաջնության ընտրական փուլերում՝ հավասարվելով Էկվադորի նախկին պաշտպան Իվան Ուրտադոյի հարավամերիկյան ռեկորդին:
Հանդիպումից հետո Մեսսին խոսեց իր ապագայի մասին. «Ես դեռ լի եմ էնտուզիազմով: Քայլ առ քայլ եմ շարժվում, դեռ որոշում չեմ կայացրել», — մեջբերում է TyC Sports-ը:
Արգենտինայի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հայտարարեց, որ Մեսսին չի մասնակցի սեպտեմբերի 9-ին Գուայակիլում կայանալիք Էկվադորի դեմ խաղին, որպեսզի ժամանակ անցկացնի ընտանիքի հետ: «Նա արժանի է դրան», — նշել է Սկալոնին:
Արգենտինան արդեն ապահովել է իր տեղը ԱԱ-2026-ում, որը կանցկացվի ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում:
ԱԱ-2026, ընտրական փուլ, Հարավային Ամերիկա, 17-րդ տուր
Արգենտինա 3:0 Վենեսուելա
Գոլերը՝ Մեսսի (39, 80), Լաուտարո Մարտինես (76)
























































