Խորվաթիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Իվան Ռակիտիչը ներողություն է խնդրել Թուրինի «Յուվենտուսի» երկրպագուներից։
Նախկին կիսապաշտպանը սոցիալական ցանցերում հրապարակել էր լուսանկար իր ընկեր Լուկա Մոդրիչի հետ՝ շնորհավորելով նրան «Միլան» տեղափոխվելու կապակցությամբ։ Հրապարակման մեջ Ռակիտիչը կցել էր մեկնաբանություն, որը վիրավորական էր «Յուվենտուսի» երկրպագուների համար։
Իմանալով տեքստի բովանդակության մասին՝ Ռակիտիչը փոփոխել է հրապարակումը և հրապարակավ ներողություն խնդրել։
«Անկեղծորեն ներողություն եմ խնդրում «Յուվենտուսի» երկրպագուներից։ Իմ միակ նպատակը Լուկային «Միլան» տեղափոխվելու կապակցությամբ շնորհավորելն էր։ Տեղյակ չէի խոսքերի պատմական համատեքստից և իմաստից։ Ոչ մի կերպ չէի ցանկանում վիրավորել ակումբը, որի հանդեպ խոր հարգանք եմ տածում», – մեջբերում է Ռակիտիչի խոսքը Football Italia-ն։
Հիշեցնենք, որ Լուկա Մոդրիչը «Միլան» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով՝ ավարտելով 13-ամյա ելույթները Մադրիդի «Ռեալում»։




























































