«Նյուքասլի» ներկայիս սեփականատերը՝ Մայք Էշլին, մոտ է ակումբը Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամին վաճառելուն: Այդ մասին հայտնում է AS-ը։
«Կաչաղակները» ակումբի վաճառքի դեպքում ամենայն հավանականությամբ կդառնան Պրեմիեր լիգայի ամենահարուստ ակումբը: Արքայազն Մուհամեդ բեն Սալմանի ներդրումային հիմնադրամի ակտիվները կազմում են 368 միլիարդ եվրո: Օրինակ, «Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր Շեյխ Մանսուրի ունեցվածքը գնահատվում է 27 միլիարդ եվրո:
Նախկինում, Մուհամեդ բեն Սալմանը ցանկացել է գնել «Մանչեսթեր Յունայթեդը»՝ առաջարկելով 4 մլրդ ֆունտ, սակայն Գլեյզերների ընտանիքի հետ համաձայնության գալ չի հաջողվել: Հաղորդվում է, որ արքայազնը նպատակ ունի թիմը 0-ից կառուցել:
Այնուամենայնիվ, FFP-ի (ֆինանսական ֆեյր փլեյ) կանոնների պատճառով թոփ ակումբ կառուցելու համար բավականին ժամանակ կպահանջվի:
Եթե գործարքը կայանա, ԱՊԼ-ում ևս մեկ թիմ կավելանա, որի սեփականատերը տեղացի չէ: Այս պահին 20 թիմերից 14-ի սեփականատերերն օտարերկրացի են: Ըստ BBC-ի, իրավաբանական պարտավորվածության փաստաթղթերը ստորագրված են: Ավելին, գնորդն արդեն փոխանցել է գումարի 5 տոկոսը, մնացել են ֆորմալ հարցերի կարգավորումները, այդ թվում՝ ԱՊԼ-ի թույլտվությունը:
💰 Ակումբը ներկայումս ունի ֆինանսական խնդիրներ

The Guardian-ը հայտնում է, որ «Նյուքասլը» բաժանվել է իր աշխատակիցների և անձնակազմի հետ, ովքեր չեն մասնակցում առաջին թիմի նախապատրաստմանը: Դա պայմանավորված էր ֆինանսական ճգնաժամով՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այսպիսով, «Նյուքասլը» դարձել է Պրեմիեր լիգայի առաջին ակումբը, որն անցել է նման միջոցների՝ ֆինանսական մեծ կորուստներից խուսափելու համար:
Բոլոր աշխատակիցները նամակ են ստացել ակումբի ղեկավարությունից՝ բացատրությամբ, որ համաճարակի պատճառով ֆուտբոլում հարկադիր դադար է տեղի ունեցել և այն ստիպել է ղեկավարությանը դիմել թիմի աշխատատեղերի պահպանման այնպիսի սխեմայի, որը աշխատակիցներին թույլ է տալիս պահանջել իրենց աշխատավարձի 80%-ը միայն։
Այս որոշումը ազդել է սկաուտների, ակադեմիայի դասընթացավարների, բարեգործական հիմնադրամի աշխատակիցների վրա:
⚽ Առաջին քայլերը՝ դեպի լուսավոր ապագա

Արդեն իսկ տարբեր պարբերականներ սկսել են կանխատեսել անգլիական ակումբի վերելքը։ Իսկ ի՞նչ է պետք ամուր թիմ ունենալու համար․ իհարկե, որակյալ ֆուտբոլիստներ և շատ ազդեցիկ մարզիչ։ «Յուվենտուսի» ու «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին դարձել է «Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնի ֆավորիտ։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։ Ալլեգրիի նշանակումը կարող է դառնալ «Նյուքասլի» թարմացման մի մասը։ Ներկայումս «Նյուքասլը» գլխավորում է Սթիվ Բրյուսը։
🥊 Մեյվեզերը՝ ակումբը գնելու ևս մեկ թեկնածո՞ւ

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հինգ տարբեր քաշային կարգերում բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզերը շահագրգռված է գնելու անգլիական «Նյուքասլ» ֆուտբոլային ակումբը, հայտնում է TMZ-ն: Ամերիկացին հանդիպում էր ունեցել «Նյուքասլի» երկրպագուների հետ: Պատասխանելով երկրպագուների հարցերին՝ Մեյվեզերն ակնարկել էր, որ ֆուտբոլային ակումբ գնելը նրա հետաքրքրության շրջանակներում է: