Բռնցքամարտի ութ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, ֆիլիպինցի Մենի Պակյաոն հայտարարել է, որ ցանկանում է մենամարտ ռևանշ անցկացնել կիսամիջին քաշային կարգում WBC-ի (Աշխարհի բռնցքամարտի խորհուրդ) չեմպիոն Մարիո Բարիոսի դեմ։
Պակյաոյի և Բարիոսի մենամարտը կայացել է Լաս Վեգասում՝ կիրակի գիշերը, և ավարտվել ոչ ոքի՝ մրցավարների մեծամասնության որոշմամբ։ Երեք մրցավարներից երկուսը գրանցել են 114:114 հաշիվ, իսկ երրորդը՝ 115:113՝ հօգուտ Բարիոսի։ Արդյունքում ամերիկացին պահպանել է իր չեմպիոնական տիտղոսը։
«Կարծում էի, որ հաղթել եմ։ Դա շատ մրցակցային մենամարտ էր։ Բարիոսը շատ ուժեղ էր։ Ինձ ավելի երկար ժամանակ էր հարկավոր տիտղոսային մենամարտի համար պատրաստվելու համար։ Ընտրությունների պատճառով ուշ սկսեցի մարզումները, բայց ամեն ինչ լավ է։ Իհարկե, ցանկանում եմ ռևանշ։ Ուզում եմ ժառանգություն թողնել և ստիպել ֆիլիպինցիներին հպարտանալ ինձանով», – ESPN-ի փոխանցմամբ՝ ասել է Պակյաոն։
46-ամյա Պակյաոն միակ բռնցքամարտիկն է, ով աշխարհի չեմպիոն է դարձել ութ տարբեր քաշային կարգերում։ Այս ոչ ոքին նրա կարիերայի երրորդն էր։ Նրա ակտիվում կա 73 մենամարտ՝ 62 հաղթանակ (39՝ նոկաուտով), 8 պարտություն և 3 ոչ ոքի։ 2021 թվականի օգոստոսին Պակյաոն միաձայն որոշմամբ պարտվել էր կուբացի Յորդենիս Ուգասին, իսկ նույն տարվա սեպտեմբերին հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։ 2024 թվականի դեկտեմբերին նա ընդգրկվել է Միջազգային բռնցքամարտի փառքի սրահում։
30-ամյա Բարիոսի ակտիվում կա 33 մենամարտ՝ 29 հաղթանակ (18՝ նոկաուտով), 2 պարտություն և 2 ոչ ոքի։



























































