«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը 2025/2026 մրցաշրջանից սկսած հանդես կգա թիմի 10 համարի խաղաշապիկով։ Այս մասին հայտարարվել է 18-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման պաշտոնական արարողության ժամանակ։
2008 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի հունիսը «Բարսելոնայում» 10 համարով խաղացել է Լիոնել Մեսսին։ Արգենտինացու՝ ակումբը լքելուց հետո այդ համարը փոխանցվել է երիտասարդ տաղանդ Անսու Ֆատիին, որը, սակայն, վնասվածքների պատճառով չի կարողացել լիարժեք դրսևորվել և այս տրանսֆերային պատուհանի ընթացքում վարձակալությամբ տեղափոխվել է «Մոնակո»։ Յամալը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս 19 համարով, որը ժամանակին կրել է նաև Մեսսին։
Անցած մրցաշրջանում Յամալը մասնակցել է 55 խաղի, խփել 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։




























































