Հուլիսի 3-ին ֆուտբոլային աշխարհը ցնցվեց «Լիվերպուլի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Դիոգու Ժոտայի և նրա եղբոր՝ Անդրե Սիլվայի ողբերգական մահվան լուրից։ Երկու օր անց՝ հուլիսի 5-ին, եղբայրների հուղարկավորությունը տեղի ունեցավ Պորտուի մոտակայքում։
Հուղարկավորությանը ներկա էին բազմաթիվ ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Ժոտայի նախկին և ներկա թիմակիցներ Վիրջիլ վան Դայկը, Էնդրյու Ռոբերտսոնը, Ռուբեն Դիաշը, Բերնարդու Սիլվան, Նելսոն Սեմեդուն և այլք։ Սակայն «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասի բացակայությունը չվրիպեց ուշադրությունից։
Թեև Դիասը սոցիալական ցանցերում հուզիչ գրառում էր տարածել՝ նվիրված Ժոտային, նույն օրը նա ներկա է եղել հայտնի ստրիմերների խնջույքին և հրապարակել է լուսանկարներ։ Այս փաստը զայրացրել է երկրպագուներին։
Սոցիալական ցանցերում Դիասին մեղադրում են անզգայության և երկերեսանիության մեջ։ Շատերն ընդգծում են, որ Ժոտան ժամանակին աջակցել էր Դիասին, երբ Կոլումբիայում վերջինիս հայրն էր առևանգվել։ Երկրպագուները մեկնաբանություններում նրան անվանել են «Հուդա» և պահանջել հեռանալ «Լիվերպուլից»։
Այս սկանդալը կարող է լուրջ ազդեցություն ունենալ Դիասի կարիերայի վրա։ Ըստ լուրերի՝ «Բարսելոնան» պատրաստ է վճարել 80-90 միլիոն եվրո նրա տրանսֆերի համար։ Երկրպագուների բացասական վերաբերմունքը կարող է արագացնել նրա հեռացումը «Էնֆիլդից»։