«Բավարիայի» ֆուտբոլիստ Ջամալ Մուսիալան շտապ վիրահատության կենթարկվի Մյունխեն վերադառնալուց անմիջապես հետո, հայտնում է Sky Sport Deutschland-ի լրագրող Քերի Հաուն։
Շաբաթ օրը «Բավարիան» 0:2 հաշվով պարտվել է ՊՍԺ-ին Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչում։ Առաջին խաղակեսի վերջում Մուսիալան, տուգանային հրապարակում գնդակի համար պայքարելիս, բախվել է ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային։ Բախումից հետո նրա ձախ ոտքը հայտնվել է ոչ բնական դիրքում, և ֆուտբոլիստը դաշտը լքել է պատգարակով։
22-ամյա խաղացողի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի սրունքի փոքր ոսկրի կոտրվածք։
2024/25 մրցաշրջանում Մուսիալան մասնակցել է 44 խաղի տարբեր մրցաշարերում և խփել 21 գոլ։