ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության 1/8-րդ եզրափակիչում սաուդական «Ալ-Հիլալը» համառ պայքարում 4։3 հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ՝ դուրս գալով մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց ոչ-ոքի՝ 3։3 հաշվով։ «Քաղաքայինների» կազմում գոլերի հեղինակ դարձան Բերնարդու Սիլվան, Էրլինգ Հալանդը և Ֆիլ Ֆոդենը։ «Ալ-Հիլալից» պատասխանեցին Մարկոս Լեոնարդոն, Մալկոմը և Կալիդու Կուլիբալին։
Լրացուցիչ ժամանակի 112-րդ րոպեին Լեոնարդոն դարձավ դուբլի հեղինակ՝ խփելով սաուդական ակումբի հաղթական գոլը անգլիական գրանդի դեմ խաղում։
Քառորդ եզրափակիչում «Ալ-Հիլալը» կխաղա «Ֆլումինենսեի» հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 4-ին՝ Օռլանդոյում, Երևանի ժամանակով 23։00-ին։