Ամստերդամի «Այաքսը» կրկին ուշադրություն է դարձրել Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի վրա։ Նման լուրեր շրջանառվում են երկրորդ տարին անընդմեջ, սակայն իրավիճակը մնում է անփոփոխ․ ամստերդամյան ակումբը հրաժարվում է գործարքից՝ հաշվի առնելով այն, որ ֆուտբոլիստը հանդես է գալիս ռուսական առաջնությունում։
Թեպետ Սպերցյանը համարվում է «Այաքսի» ցուցակի գլխավոր թեկնածուներից, ակումբի քաղաքական դիրքորոշումը խոչընդոտում է գործարքի իրականացմանը։ «Pantelic Podcast»-ի հաղորդավար և «Այաքսի» երկրպագու Յան Վերդոնկը X հարթակում հայտնել է․
«Չնայած նրան, որ «Այաքսում» նրան համարում են բարձրակարգ ֆուտբոլիստ, Սպերցյանը չի միանա թիմին։ Կան այլընտրանքներ, որոնք կապ չունեն ռուսական ֆուտբոլի հետ։ Ինչ-որ առումով ափսոս է, քանի որ Սպերցյանն ունի լավ տարիք և հիանալի ստեղծագործական ունակություններ։ Բայց այլ տարբերակներն էլ, ըստ երևույթին, լավն են»։
ESPN-ը նույնպես հաստատել էր կիրակի օրը, որ Սպերցյանն այս ամռանն ընդգրկված է «Այաքսի» հիմնական տրանսֆերային թեկնածուների թվում։ Ավելին, հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը դեռ երկու տարի առաջ էլ եղել է ակումբի ուշադրության կենտրոնում, սակայն այդ ժամանակ նրա տրանսֆերը տապալվել էր վերահսկիչ խորհրդի որոշմամբ։ Խորհուրդը գտել էր, որ «Այաքսը» բարոյական տեսանկյունից չպետք է համագործակցի ռուսական ակումբների՝ այս դեպքում «Կրասնոդարի» հետ՝ Ուկրաինայի դեմ ռուսական ներխուժման ֆոնին։
Միևնույն ժամանակ, Voetbal International պարբերականը հակասող տեղեկատվություն է ներկայացնում՝ նշելով, որ Սպերցյանի անունը քննարկվել է «Այաքսում», սակայն «արդեն որոշում է կայացվել՝ հրաժարվել տրանսֆերից»։
25-ամյա Սպերցյանը նախորդ մրցաշրջանում դարձել էր Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամենավառ խաղացողներից մեկը՝ հանդես գալով որպես հարձակողական կիսապաշտպան։ Նա մասնակցել էր 28 խաղի, խփել 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Նրա շուկայական արժեքը գնահատվում է առնվազն 25 միլիոն եվրո։ Հաշվի առնելով, որ Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ավարտվում է մեկ տարի անց, տրանսֆերի հավանականությունը մնում է բարձր, եթե գտնվի ակումբ, որը պատրաստ կլինի գործ ունենալ ռուսական կողմի հետ։
Այս պահին «Այաքսի» կիսապաշտպանական գիծը համալրված է Դևի Կլասենով, Քենեթ Թեյլորով, Կիան Ֆրից-Ջիմով, Ջորդան Հենդերսոնով, Յորի Ռեհերով և Բրանկո վան դեն Բոոմենով։ Սպերցյանի միանալը կավելացներ մրցակցությունը այդ դիրքերում, սակայն քաղաքական ու բարոյական դիտարկումներն այս պահին գերակայում են սպորտային գործոններին։