«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է դարպասապահ Ժոան Գարսիայի հետ պայմանագրի ստորագրման մասին։ Պայմանագիրը կնքվել է Spotify Camp Nou-ի գրասենյակում և նախատեսված է մինչև 2030 թվականը։
Ստորագրման արարողությանը ներկա էին ակումբի նախագահ Ժոան Լապորտան, փոխնախագահ Ռաֆա Յուստեն, սպորտային տնօրեն Դեկուն, համակարգող Բոյան Կրկիչը և տնօրեն Ժոան Սոլերը։ Ժոան Գարսիային ուղեկցում էին ընտանիքի անդամները և ներկայացուցիչները։
Գարսիան, ում համար «Բարսելոնան» ակտիվացրել է հրաժարագին կետը, կիսվել է իր ոգևորությամբ․ «Շատ ուրախ եմ այս հնարավորության համար և անհամբեր սպասում եմ թիմի հետ հաջողություններ գրանցելուն»։
Անցած մրցաշրջանում Գարսիան աչքի է ընկել «Էսպանյոլում»՝ դառնալով Լա Լիգայի առաջատար դարպասապահներից մեկը։ Նա գրանցել է 146 սեյվ՝ ամենաշատը առաջնությունում, ինչը վկայում է նրա բարձր մակարդակի մասին։
Ժոան Գարսիան կմիանա Հանսի Ֆլիկի թիմին հուլիսի 13-ին՝ բժշկական զննություն անցնելուց հետո։ Նրա նորամուտը կարող է տեղի ունենալ Ասիական շրջագայության ընթացքում՝ «Վիսել Կոբե», «Սեուլ» կամ «Տեգու» ակումբների դեմ խաղերում։