Բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն, որը նախկինում հայտարարել էր անգլիական «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին, համաձայնել է տեղափոխվել իտալական «Նապոլի»։ Այս մասին հայտնել է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Նապոլին» մտադիր է փորձել կնքել պայմանագիրը հաջորդ շաբաթվա սկզբին՝ 33-ամյա կիսապաշտպանի՝ «Մանչեսթեր Սիթիի» կազմում վերջին խաղից անմիջապես հետո։ Նշվում է, որ կողմերի միջև համաձայնեցվել է երեք տարվա պայմանագիր, որը նախատեսում է 27 միլիոն եվրո աշխատավարձ երեք տարվա ընթացքում՝ ներառյալ ստորագրման բոնուսը։ Որոշումը, ինչպես սպասվում է, կկայացվի արդեն հաջորդ շաբաթվա սկզբին։
Այս մրցաշրջանում Դե Բրույնեն «Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 խաղ, խփել վեց գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt ինտերնետային պորտալում տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 27 միլիոն եվրո։