«Ալ-Հիլալը» ցանկանում է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան և ավագ Բրունո Ֆերնանդեշի հետ հունիսի 15-ին մեկնարկող ակումբային աշխարհի առաջնությունից առաջ։ Դրա հետ կապված՝ սաուդյան ակումբը պորտուգալացի ֆուտբոլիստին 72 ժամ է տվել որոշում կայացնելու համար։ Այս մասին հայտնում է Give me Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ալ-Հիլալը» պատրաստ է 30-ամյա կիսապաշտպանին առաջարկել շաբաթական 700,000 ֆունտ ստեռլինգ աշխատավարձ, ինչպես նաև լրացուցիչ բոնուսներ։ Եթե Ֆերնանդեշը համաձայնվի տրանսֆերին, «Ալ-Հիլալը» կդիմի «Մանչեսթեր Յունայթեդին» ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով։
Ֆերնանդեշն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 56 խաղ, խփել 19 գոլ և կատարել 19 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt պորտալում տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 55 միլիոն եվրո։