«Մանչեսթեր Սիթին» կրկին զիջեց Անգլիայի գավաթի եզրափակիչում՝ այս անգամ նվազագույն՝ 0:1 հաշվով պարտվելով «Քրիստալ Փելասին»։
Առաջին խաղակեսում «քաղաքայինները» հնարավորություն ունեին վերականգնելու հաշվի հավասարությունը, սակայն Օմար Մարմուշը վրիպեց 11 մետրանոցից՝ բաց թողնելով իր թիմի լավագույն պահը։
Խաղից հետո Պեպ Գվարդիոլային հարց ուղղվեց՝ ինչու հենց Մարմուշը իրացրեց 11 մետրանոցը, երբ խաղադաշտում էր նաև Էրլինգ Հալանդը։
«Ինչո՞ւ Հալանդը թողեց, որ Մարմուշը հարվածի։ Չգիտեմ։ Ես նրանց հետ չեմ խոսել։ Դա իրենց որոշումն էր։ Այդպիսի բաները ֆուտբոլիստներն են որոշում խաղադաշտում», – նշել է Գվարդիոլան BBC One-ի հետ զրույցում։
Նշենք, որ սա Պեպ Գվարդիոլայի մարզչական կարիերայում առաջին դեպքն է, երբ նա երկու անգամ անընդմեջ պարտվում է գավաթի եզրափակիչում։