Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի կիսաեզրափակչում ՊՍԺ-ն ընդհանուր 3-1 հաշվով հաղթեց Լոնդոնի «Արսենալին» և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։
Մեկ օր առաջ «Ինտերը» լրացուցիչ ժամանակում 4-3 հաշվով հաղթեց «Բարսելոնային» (ընդհանուր 7-6) և նույնպես անցավ եզրափակիչ փուլ։
Սա նշանակում է, որ հինգ տարվա ընթացքում առաջին անգամ Չեմպիոնների լիգայի եզրափակչում չեն լինի ո՛չ Անգլիայից, ո՛չ էլ Իսպանիայից ակումբներ։ Նախորդ չորս մրցաշրջաններում նշված երկրներից առնվազն մեկ ակումբ մասնակցել է եզրափակչին։ Վերջին անգամ այդ երկրների ներկայացուցիչները չէին եղել 2019/2020 մրցաշրջանում, երբ «Բավարիան» հաղթեց ՊՍԺ-ին (1-0):
Մրցաշարի եզրափակիչում ՊՍԺ-ն Գերմանիայի Մյունխենի «Արենա» մարզադաշտում կմրցի «Ինտերի» հետ։ Հանդիպումը նախատեսված է շաբաթ օրը՝ մայիսի 31-ին։