Ըստ AS պարբերականի՝ Իսպանիայի Լա Լիգայի 36-րդ տուրի «Էսպանյոլ» – «Բարսելոնա» հանդիպումը կարող է անցկացվել առանց հանդիսատեսի։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Էսպանյոլի» «Կորնելյա Էլ Պրատ» մարզադաշտը կարող է փակվել հանդիսատեսի համար՝ «Բետիսի» դեմ խաղում (1:2) տեղի ունեցած անկարգությունների պատճառով։ Խաղի վերջում «Բետիսի» դարպասապահ Ադրիանը, հաղթական գոլից հետո, մրցավարին հայտնել է, որ տրիբունաներից իրենց ուղղությամբ կրակայրիչներ են նետվել։ Մրցավարը կանչել է թիմերի ավագներին, և բարձրախոսով հայտարարվել է, որ խաղը չի վերսկսվի, քանի դեռ անկարգությունները չեն դադարել։ Ի վերջո, միջադեպը կարգավորվել է, և խաղի մնացած րոպեները անցել են առանց խնդիրների։
Անցյալ տարի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) կարգապահական հանձնաժողովը «Էսպանյոլին» տուգանել էր 3000 եվրոյով՝ «Վիլյառեալի» դեմ խաղում մրցավարի ուղղությամբ առարկա նետելու համար։ Ակումբը զգուշացվել էր, որ նման միջադեպի կրկնության դեպքում մարզադաշտը կարող է փակվել։
«Էսպանյոլ» – «Բարսելոնա» հանդիպումը նախատեսված է մայիսի 15-ին՝ Երևանի ժամանակով 23:30-ին։