Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորի հնարավոր տեղափոխությունը Սաուդյան Արաբիայի առաջնություն գնալով ավելի քիչ հավանական է դառնում։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ սաուդցիները բրազիլացի ֆուտբոլիստի հետ կապ չեն ունեցել անցյալ տարվա դեկտեմբերից։ Բացի այդ, Վինիսիուսը նոր պայմանագրի շուրջ բանակցություններ է վարում Արքայական ակումբի հետ։ Ընդգծվում է, որ նախկինում Սաուդյան Պրոֆեսիոնալ լիգայի և 24-ամյա հարձակվողի շրջապատի կապող օղակը եղել է լիգայի նախկին փոխնախագահ Սաադ Ալ-Լազիզը, ով այս պաշտոնը լքել է մարտին։
Այս մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 200 միլիոն եվրո: