Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը կիսվել է իր հույզերով՝ կարիերայում առաջին անգամ «Ռեալի» կազմում որպես թիմի ավագ խաղալուց հետո։ Դա տեղի է ունեցել Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի՝ «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում (0:1):
«Ես ցանկանում եմ «Ռեալի» պատմությունը կերտել՝ այս ակումբում անցկացնելով 500 հանդիպում։ Անբացատրելի զգացողություն է 24 տարեկանում առաջին անգամ դառնալ աշխարհի լավագույն ակումբի ավագը», — Վինիսիուսի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին Սաուդյան Արաբիայից 24-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրության մասին: Հաղորդվում էր, որ տեղի ակումբները պատրաստ են վճարել Վինիսիուսի 1 միլիարդ եվրո կազմող հրաժարագինը:
Մինչ օրս հարձակվողը Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 299 հանդիպում։