Իտալիայի առաջնության 16-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվելիս մրցել է «Ուդինեզեի» հետ և 3:1 հաշվով կամային հաղթանակ տարել:
Առաջին խաղակեսի միջնամասում տանտերերի հարձակվող Ֆլորիան Թաուվինը բացել է խաղի հաշիվը։ Երկրորդ խաղակեսի սկզբում հանդիպման հաշիվը վերականգնել է «Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն։ 76-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել «Ուդինեզեի» պաշտպան Լաուտարո Հիանետին։ 81-րդ րոպեին հյուրերի առավելությունն ամրապնդել է կիսապաշտպան Անդրե Զամբո Անգուիսան։
«Նապոլին» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է: Թիմը 16 խաղում վաստակել է 35 միավոր։ «Ուդինեզեն» վաստակել է 20 միավոր և 9-րդ տեղում է։
Ա Սերիայի աղյուսակը գլխավորում է «Ատալանտան», որը 16 խաղից հետո վաստակել է 37 միավոր: