Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Լա Լիգայի 11-րդ տուրում «Բարսելոնայից» 4:0 հաշվով պարտվելուց հետո սկսել է ակտիվացնել Լևերկուզենի «Բայերը» գլխավորող իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոյի հետ պայմանագիր ստորագրելու գործընթացը, այս մասին տեղեկացնում է Sport.es-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ այս պահին Պերեսի վստահությունը «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նկատմամբ խարխլված է: Իտալացի մասնագետը վստահեցրել էր «արքայական ակումբի» նախագահին, որ թիմը «դարձնելու է անպարտելի» հարձակվող Կիլիան Մբապեի անցած ամառային տեղափոխությունից հետո:
Նաև Անչելոտին պնդել էր պայմանագիրը երկարաձգել ձախ պաշտպան Ֆերլան Մենդիի հետ, չնայած որ «Ռեալը» նման ծրագրեր չուներ: «Բարսելոնայից» կրած խոշոր հաշվով պարտությունը միայն խորացրել է իրավիճակը:
Ալոնսոյի պայմանագիրը «Բայերի» հետ գործում է մինչև 2026 թվականը, սակայն դրանում կա կետ, որը թույլ է տալիս նրան լքել գերմանական ակումբը արդեն հաջորդ ամռանը, և Պերեսը ցանկանում է օգտվել այդ հնարավորությունից: