Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է ուղիղ մեկ ամիս: Հուլիսի 26-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում կկայանա քառամյակի գլխավոր մարզական իրադարձության բացման հանդիսավոր արարողությունը:
Մինչ այդ հայտնի է դարձել, որ Հայաստանն Օլիմպիական խաղերի արդեն 15 ուղեգիր է երաշխավորել: Վերջինն իրենց մասնակցությունն ապահովել են լողորդներ Արթուր Բարսեղյանն ու Վարսենիկ Մանուչարյանը, ինչպես նաև Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, ամերիկահայ Ալիսոն Հալվերսոնը:
Մինչ այս Փարիզ-2024-ի ուղեգիր էին ապահովել 12 մարզիկներ՝ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ), ըմբիշներ Սլավիկ Գալստյանը (հունահռոմեական ոճ, 67 կգ), Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ոճ, 77 կգ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճ, 97 կգ), Արսեն Հարությունյանը (ազատ ոճ, 57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+102 կգ) և բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ)։