Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է այն լուրերը, թե ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն արդեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ, ուր կտեղափոխվի ֆրանսիական գրանդի հետ աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո։
«Ես գիտեմ, որ նա հեռանում է ՊՍԺ-ից. Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխվելու հավանականությունը գնահատում եմ 99 տոկոս։ Բայց ես չգիտեմ՝ պայմանագիրն արդեն կնքվա՞ծ է, թե՞ ոչ։
Նրա տեղափոխությունը լավ նորությո՞ւն է Լա Լիգայի համար․ Իհարկե, սա հիանալի նորություն է «Ռեալի» և ամբողջ իսպանական ֆուտբոլի համար: Նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է։ Իմ տեսանկյունից Բելինգհեմը, Հոլանդը և Մբապեն մոլորակի երեք լավագույն խաղացողներն են, իսկ նրանցից երկուսը Մադրիդի «Ռեալում» են»,- Տեբասի խոսքը մեջբերում է L’Équipe-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մբապեն «Ռեալի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականը։