Հայաստանի հրաձգության հավաքականի ներկայացուցիչներն առաջին մեդալներն են նվաճել Աշխարհի գավաթի մրցաշարում։
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող Աշխարհի գավաթի մրցաշարում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը 10 մետր ատրճանակ միքս մրցաձևում դուրս են եկել եզրափակիչ և դարձել մրցաշարի արծաթե մեդալակիրներ: Հայ մարզիկները 17:7 հաշվով զիջել են Հնդկաստանի ներկայացուցիչներին:
Ավելի վաղ 10մ օդամղիչ ատրճանակ տղամարդկանց մրցաշարի որակավորման փուլում Բենիկ Խլղաթյանին 2 միավոր չբավարարեց, որպեսզի դուրս գա եզրափակիչ փուլ։ Խլղաթյանը 578 միավորով գրավեց 13֊րդ հորիզոնականը։ Այս պայքարում Գևորգ Մելքոնյանը 568 միավոր արդյունքով զբաղեցրեց 39֊րդ տեղը։
Նույն մրցաձևի կանանց մրցաշարին մասնակցել են Էլմիրա Կարապետյանը և Նարե Գաբրիելյանը։ Կարապետյանը 570 միավոր արդյունքով զբաղեցրեց 23֊րդ հորիզոնականը, իսկ Գաբրիելյանը 564 միավորով՝ 34֊րդ տեղը։