«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրյույնեի՝ խաղադաշտ վերադառնալու մասին։ Հիշեցնենք, որ Դե Բրյույնեն խաղադաշտ է դուրս եկել Անգլիայի գավաթի 1/32 եզրափակչի «Հադերսֆիլդ Թաունի» հետ հանդիպման 58-րդ րոպեին։ «Մանչեսթեր Սիթին» հաղթեց 5-0 հաշվով, իսկ Կևինը գոլային փոխանցում կատարեց:
«Մենք աներևակայելի ուրախ ենք, որ նա վերադարձավ, քանի որ Կևինը օգնում է հաղթել խաղերը: Շատ կարևոր է, որ նա վերադարձավ երկարատև վնասվածքից հետո։ Նա մեզ կօգնի իր տաղանդով, բայց ես չեմ ցանկանում ճնշում գործադրել նրա վրա, քանի որ դա արդար չէ նրա նկատմամբ:
Իհարկե, նա առանձնահատուկ կարողություն և հատկություն ունի անելու այն, ինչը դժվար է անել ուրիշների համար։ Մենք կիսապաշտպանությունում տղաներ ունենք, ովքեր սիրում են վազել: Կևինը բացառիկ է։ Նա յուրահատուկ է։ Մենք շատ ուրախ ենք, որ նա վերադարձել է ավելի քան երեք ամիս տևած վնասվածքից հետո։ Նա շատ լավ գոլային փոխանցում կատարեց Ջերեմի Դոկուի։ Շատ լավ է, որ նա վերադարձավ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Հիշեցնենք, որ բելգիացի կիսապաշտպանն առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2023 թվականի օգոստոսի 11-ին ստացած վնասվածքից հետո։
























































