Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավիի վնասվածքի մասին։
«Բարսելոնան» ինձ չի խնդրել երկրորդ խաղում դաշտ դուրս չբերել Գավիին: Ինչ վերաբերում է RFEF-ին, ապա ես ոչինչ չգիտեմ։ Երբ խաղացողները մեզ հետ են, մենք մտածում ենք միայն ազգային հավաքականի մասին։ Մենք պատկերացնում էինք, որ Գավին միայն 45 րոպե կխաղա երկրորդ խաղում, սակայն Խեսուս Նավասը վնասվածք ստացավ։ Մենք առաջնահերթություն ենք տվել խաղացողի առողջությանը: Բոլոր խաղացողները ցանկանում էին մասնակցել երկրորդ խաղին, իսկ Գավին՝ ավելի շատ։ Նա շատ ակտիվ է։ Գաղափարն այն էր, որ նա ամբողջությամբ մասնակցի առաջին խաղին, իսկ երկրորդում խաղա 45 րոպե: Եթե տեսնեինք, որ նա վնասվածք ունի, կփոխարինեինք նրան»,- Ֆուենտեի խոսքերն է մեջբերում AS-ը։
19-ամյա Գավին 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Վրաստանի հետ խաղում (3:1) վնասել է ծնկի խաչաձև կապանն ու կողային մենիսկը և դուրս է մնացել շարքից: Նա 6-8 ամիս բաց կթողնի:
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 15 հանդիպում, դարձել 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։