«Միլանի» 20-ամյա հարձակվող Էմիլ Ռոբակը, որը վարձավճարով հանդես է գալիս շվեդական «Նորչյոպինգում», հայտնվել է։
Ավելի վաղ Corriere della Sera-ն հայտնել էր, որ 20-ամյա հարձակվողը 14 օր է՝ կապի դուրս չի եկել։ Ակումբի և նրա ընտանիքի ներկայացուցիչները չգիտեին, թե ինչ է պատահել երիտասարդ ֆուտբոլիստի հետ։ Ռոբակը երկու շաբաթ չի ներկայացել ակումբի մարզումներին և թիմակիցներին էլ չի զգուշացրել հնարավոր բացակայության մասին։
«Ես հանդիպել եմ նրա հետ այսօր (հինգշաբթի), այնպես որ ամեն ինչ նորմալ է: Այս մասին ավելին ոչինչ չենք ասի»,- շվեդական ակումբի մարզական տնօրեն Տոնի Մարտինսոնի խոսքերն է մեջբերում Expressen-ը։
Ֆուտբոլիստի մայրը նույնպես հայտարարել է, որ արդեն շփվել է խաղացողի հետ, սակայն հրաժարվել է մեկնաբանել նրա բացակայությունը։
Ռոբակը «Միլանի» համակարգում է 2020 թվականից։ Նրա պայմանագիրը շվեդական ակումբի հետ ուժի մեջ է մինչև այս տարվա նոյեմբերը։
























































