Դորտմունդի «Բորուսիան» դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի վինգեր Ջեյդոն Սանչոյին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելու տարբերակը, հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի համաձայն՝ «իշամեղուները» պատրաստ են վարձակալել ֆուտբոլիստին՝ պայմանով, որ մանկունիանցիները վճարեն ֆուտբոլիստի աշխատավարձի մի մասը։ Այս պահին անգլիացու աշխատավարձը կազմում է շաբաթական 325 հազար եվրո։
Այս մրցաշրջանում Սանչոն բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է ընդամենը երեք հանդիպում՝ չխփելով ոչ մի գոլ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սանչոյին արգելել են մարզվել հիմնական թիմի հետ այն բանից հետո, երբ նա հրաժարվել է ներողություն խնդրել Տեն Հագից. խաղացողը սոցցանցերում հրապարակավ մեղադրել է մարզչին ստելու մեջ: