«Սյունիքը» համալրել են նախորդ մրցաշրջանում «Գանձասարում» հանդես եկած չորս ֆուտբոլիստներ։ Այս մասին հայտնում է «Սյունիքի» մամուլի քարտուղարությունը:
Հարազատ ակումբ է վերադարձել կապանցի ռմբարկու Ալեն Կարապետյանը: 27-ամյա հարձակվողը նախորդ մրցաշրջանում դարձել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության լավագույն ռմբարկու։Կարապետյանը Առաջին խմբի առաջնության 112 խաղում ակտիվում ունի 46 գոլ։
2017/18 թթ․ մրցաշրջանում մեր նորեկը «Գանձասար-Կապանի» հետ նվաճել է Հայաստանի գավաթը։
Կապանցի Սուրեն Առաքելյանն ակտիվում ունի Առաջին խմբի առաջնության 122 հանդիպում, դարձել է յոթական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ 27-ամյա կիսապաշտպանը նույնպես 2017/18 թթ․ մրցաշրջանում «Գանձասար-Կապանի» կազմում նվաճել է Հայաստանի գավաթը։
Տիգրան Այունցը «Միկայի» սան է, որից տեղափոխվել է «Ուրարտու» և անցկացրել այնտեղ 6 տարի։
23-ամյա պաշտպանն Առաջին խմբի առաջնություններում մասնակցել է 102 խաղի, խփել 14 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։ Այունցը 7 հանդիպում անցկացրել է Բարձրագույն խմբում, ևս չորսը՝ Հայաստանի գավաթի խաղարկությունում։ Այունցը հանդես է եկել Հայաստանի Մ16, Մ17, Մ18, Մ19 և երիտասարդական հավաքականներում։
Պերճ Պողիկյանը «Փյունիկի» սան է, որի համակարգում հանդես է եկել մինչև 2022 թվականը, այնուհետև տեղափոխվել «Գանձասար»։ 23-ամյա պաշտպանը մասնակցել է Առաջին խմբի 103 հանդիպման՝ դառնալով երկու գոլի հեղինակ։ Պողիկյանը հանդես է եկել նաև Հայաստանի Մ16, Մ17, Մ18 և Մ19 հավաքականներում։