Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Ալաշկերտը» դիմակայության առաջին խաղում ընդունել է Մոնտենեգրոն ներկայացնող «Արսենալ Տիվատին»։ Առաջին խաղակեսից հետո հյուրերը հաղթում են նվազագույն հաշվով։
Թիմերն ակտիվ սկսեցին խաղը։ 10-րդ րոպեին հյուրերը տուգանայինի մատույցներում կոպիտ խաղացին։ Նշանակված տուգանայինը երևանյան ֆուտբոլիստները չկարողացան լավագույնս օգտագործել։ Րոպեներ անց Դավիդ Խուրցիձեն ընթացքից հարված կատարեց, սակայն գնդակը փոքր շեղությամբ դուրս եկավ դիմային գծից։
20-րդ րոպեին «Ալաշկերտը» հաշիվը բացելու լավ հնարավորություն ուներ, սակայն Ռասինեսի հարվածից հետո մրցակցի դարպասապահը հեռացրեց գնդակը։ 23-րդ րոպեին հյուրերը բացեցին հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Խուլիան Մոնտենեգրոն։
Բաց թողած գոլից հետո հայկական թիմը ամբողջովին տիրեց նախաձեռնությանը ու մի քանի անգամ կարող էր գրավել մրցակցի դարպասը, սակայն չէր ստացվում վերջին հարվածը։ 43-րդ րոպեին Եդիգարյանի հեռահար հարվածից հետո հյուրերի դարպասապահը գնդակը հանեց անկյունային։ Երկու րոպե անց Եդիգարյանը վրիպեց նպաստավոր դիրքից։