«Բրայթոնի» և Էկվադորի ազգային հավաքականի կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն մեկնաբանել է հնարավոր տեղափոխությունը «Չելսի»։ Հիշեցնենք, որ ակումբները դեռ բանակցություններ են վարում ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։
«Դա մեծ թիմ է, ճիշտ է: Շատ հարուստ պատմություն ունեցող թիմ, և ես չեմ կարող ասել՝ ոչ, քանի որ դա շատ մեծ, հիանալի ակումբ է՝ մեծ պատմություն ունեցող: Քաղաքը նույնպես հրաշալի է։ Դրանում ամեն ինչ գեղեցիկ է։
Ո՞ր տղան չէր ցանկանա, որ իր մասին խոսեն նման թիմերը: Փորձում եմ հանգստություն պահպանել։ Ես վայելում եմ ընտանիքիս հետ անցկացրած ժամանակը, որն այս պահին ինձ համար ամենակարեւորն է։ Ես գիտեմ, որ ճնշում է, երբ դու այդպես ես ասում, բայց ես հանգիստ եմ: Սպասում եմ, որ Աստված որոշի, քանի որ նա գիտի, թե որն է ինձ համար լավագույնը»,- Կայսեդոյի խոսքերն է մեջբերում լրագրող Մարիա Խոսե Ֆլորեսը։
2022/2023 մրցաշրջանում Մոյսես Կայսեդոն «Բրայթոնի» կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի պայմանագիրը «Բրայթոնի» հետ հաշվարկված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 55 միլիոն եվրո։























































