«Չելսիի» և Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Մեյսոն Մաունթն իր տեսաուղերձում երկրպագուներին պատմել է ակումբից հեռանալու մասին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ կային, որ նա մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։
«Ողջունում եմ «Չելսիի» երկրպագուներին: Հաշվի առնելով վերջին վեց ամիսների ընթացքում հեռանալու մասին բոլոր խոսակցությունները, ամենայն հավանականությամբ, դա ձեզ համար անակնկալ չի լինի: Սակայն, չնայած այս ամենին, ինձ համար հեշտ չէ տեղեկացնել, որ հեռանում եմ «Չելսիից»։
Կարծում եմ՝ դուք ավելին եք արժանի, քան պարզապես գրավոր հայտարարությունը: Ուստի, ես որոշեցի ուղղակիորեն ասել ձեզ, թե որքան շնորհակալ եմ ձեզ այս 18 տարիների ընթացքում ցուցաբերած ողջ աջակցության համար:
Գիտեմ, որ ձեզնից ոմանց համար ուրախալի չի լինի իմ որոշումը, բայց ես զգում եմ, որ սա ինձ համար ամենաճիշտ քայլն է իմ կարիերայի այս փուլում։
Ես միացա «Չելսիին», երբ վեց տարեկան էի, և մենք միասին շատ բանի միջով անցանք: Երիտասարդների գավաթի հաղթող, տարվա լավագույն խաղացողի մրցանակակիր, սուպերգավաթի, աշխարհի ակումբային գավաթի հաղթող և, իհարկե, այդ անմոռանալի գիշերը, երբ մենք հաղթեցինք Չեմպիոնների լիգան: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև բոլոր մարզիչներին, անձնակազմին և թիմակիցներին, որոնք կարողացան ինձ համար իսկական ընտանիք դառնալ՝ մշտապես աջակցելով ինձ։ Եվ, իհարկե, երկրպագուները, որոնք միշտ այնտեղ էին»,- ասել է Մաունթն իր սոցիալական ցանցերում հրապարակած տեսաուղերձում։























































