Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ Կարիմ Բենզեմայի՝ թիմից հեռանալու որոշումն անսպասելի էր։
«Նրա հեռանալը զարմացրեց, և դա անակնկալ էր բոլորի համար, դա պետք է հասկանալ։ Դա վերջին րոպեի որոշում էր: Երեկ նա նորմալ մարզվել է, իսկ այսօր նման որոշում է կայացրել։ Մենք ժամանակ ունենք մտածելու, թե ինչ պետք է անենք։ Ես բաժանվում եմ նրանից՝ իմանալով, որ մարզել եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկին։ Նա շատ բարի, համեստ ու լուրջ մարդ է։ Մենք ուրախ չենք նրա հեռանալու համար, բայց պետք է հարգենք նրա որոշումը։ Նա արժանի էր ընտրության իրավունքին, և մենք բոլորս երախտապարտ ենք նրան այն ամենի համար, ինչ նա կարողացավ անել ակումբի համար։ Նա լեգենդ է»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է ակումբի կայքը։
Հունիսի 4-ին Մադրիդի «Ռեալը» հայտարարեց մրցաշրջանի ավարտից հետո Բենզեմայի հեռանալու մասին։ Ֆրանսիացի հարձակվողը մադրիդյան ակումբում հանդես է գալիս 2009 թվականից։ Ընդհանուր առմամբ նա թիմի կազմում մասնակցել է 647 հանդիպման, խփել 353 գոլ և կատարել 165 գոլային փոխանցում։























































