Մադրիդի «Ռեալին» Լա լիգայի 34-րդ տուրի՝ «Խետաֆեի» հետ խաղում կարող է տեխնիկական պարտություն գրանցվել 0:3 հաշվով:
Մայիսի 13-ին կայացած հանդիպման 84-րդ րոպեին, որն ավարտվել է «Ռեալի» հաղթանակով՝ 1:0 հաշվով, մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշել է միակ գոլի հեղինակ Մարկո Ասենսիոյի փոխարեն խաղադաշտ դուրս բերել պաշտպան Ալվարո Օդրիոսոլային։
Երբ Օդրիոսոլան դուրս է եկել խաղադաշտ, իսկ Ասենսիոն կանգնած է եղել գծի վրա, կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան վնասվածքի պատճառով փոխարինման կարիք է ունեցել: Արդյունքում, Օդրիոսոլան խաղադաշտ է դուրս եկել Կամավինգայի փոխարեն, իսկ Ասենսիոն շարունակել է խաղալ։
Մրցավար Խուան Մարտինես Մունուերան մադրիդյան թիմին թույլ է տվել չեղարկել փոխարինումը, որպեսզի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան վնասվածք ստանալուց հետո հեռանա խաղադաշտից։ Դա արգելված է ՖԻՖԱ-ի կանոններով։
«Խետաֆեում» այս առիթով բողոք է ներկայացրել Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) մրցութային կոմիտե։
Ըստ AS-ի, եթե որոշվի, որ փոխարինումը չի կատարվել կանոնների համաձայն, ապա «Խետաֆեին» տեխնիկական հաղթանակ կշնորհվի 3:0 հաշվով, իսկ «Ռեալը» կտուգանվի 6-ից 9 հազար եվրոյով:
























































