Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղից առաջ «Շիրակի» Սև Հովազներ ֆան ակումբի մի քանի անդամներ հանդիպում-զրույց են ունեցել թիմի մարզչական կազմի և ֆուտբոլիստների հետ։
«Տղաները վստահեցրին, որ այդ օրը խաղալու են քաղաքի ու ամբողջ մարզի համար և անելու են ամեն ինչ՝ գավաթը Գյումրի բերելու և մեր համաքաղաքացիներին ուրախացնելու համար։ Մենք էլ բոլոր երկրպագուների անունից խոստացանք, որ այդ օրը նրանք մեր կողմից ստանալու են այնպիսի աջակցություն՝ ինչպիսին դեռ չի ստացել հայկական և ոչ մի ակումբ։
Հատկապես հուզիչ էր մեր ամենակրտսեր, ու ամենահավատարիմ երկրպագուի՝ փոքրիկ Եվանգելինայի խոսքը, ով մասնսվորապես նշեց, որ թեև վստահ է Շիրակի հաղթանաիկին, բայց անգամ պարտության դեպքում Շիրակը եղել է ու միշտ կմնա իր սրտում»,- ասվում է «Սև Հովազներ» ֆան ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ «Շիրակը» 6 տարի անց դուրս է եկել Հայաստանի գավաթի եզրափակիչ, որտեղ կմրցի «Ուրարտուի» հետ: Հանդիպումը կկայանա մայիսի 13-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19։00-ին։
Հավելենք, որ կիսաեզրափակչում «Ուրարտուն» 4-0 հաշվով հաղթել էր «Գանձասարին», իսկ «Շիրակը» հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում պայքարից դուրս էր թողել «Փյունիկին»։