«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է հարձակվող Ռաֆայել Լեաուի բացակայությունը Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի առաջին խաղում «Ինտերի» դեմ հանդես եկող ֆուտբոլիստների հայտացուցակից։
«Նա ժամանակ չուներ վերականգնվելու։ Չստացվեց, նա դեռ ցավեր ունի և չի կարող խաղալ, այնպես որ մենք հարձակվելու համար հույսը դնելու ենք այլ խաղացողների վրա: Եթե միասնական թիմով խաղանք, եթե բնավորություն դրսևորենք, ապա կկարողանանք լավագույնս խաղալ։
Նախօրեին ես երկար զրուցել եմ խաղացողների հետ՝ հիշեցնելով որոշակի տակտիկական իրավիճակների մասին, որոնք շատ կարևոր են լինելու։ Անհամբերությամբ և ոգևորությամբ եմ սպասում հանդիպմանը։ Պետք է խիզախություն և իրական կիրք է դրսևորել, բայց նաև կարևոր է միտքը հանգիստ պահելը, քանի որ դա կարող է որոշիչ ազդեցություն ունենալ: Չմոռանանք, որ բոլոր հարցերը պատասխաններ կունենան միայն 180 րոպե խաղաժամանակից հետո, չնայած, բնականաբար, մենք ցանկանում ենք առավելություն ստանալ պատասխան խաղից առաջ»,- ասել է Պիոլին Amazon Prime Italia-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Լեաուն ազդրի մկանային վնասվածք էր ստացել անցած շաբաթ օրը՝ մայիսի 6-ին, Իտալիայի Ա Սերիայի «Լացիոյի» հետ խաղում (2:0): Պորտուգալիայի հավաքականի խաղացողը չորեքշաբթի օրը՝ մայիսի 10-ի առավոտյան, ներկա է գտնվել մարզաբազայում և անցել է ֆիզպատրաստության թեստ, սակայն թիմի հետ չի գնացել մարզադաշտ։























































