ՀՊԼ 22-րդ տուրի խաղում ԲԿՄԱ-ն հյուրընկալվելիս մրցել է «Լեռնային Արցախի» հետ և 3-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել։ Հանդիպումը կայացել է Վայքի «Քաղաքային» մարզադաշտում։
Խաղի հաշիվը բացվել է արդեն 3-րդ րոպեին, երբ Գևորգ Տարախչյանի հարվածից հետո գնդակը հայտնվել է տանտերերի դարպասում։
Մինչև ընդմիջում «Լեռնային Արցախի» դարպասապահը ևս մեկ անգամ է ստիպված եղել գնդակը հանել սեփական դարպասից․ 32-րդ րոպեին Գրենիկ Պետրոսյանը խփել է իր թիմի երկրորդ գնդակն այս խաղում։ Առաջին կեսի վերջնամասում Պետրոսյանը կարող էր նաև դուբլ ձևակերպել, սակայն վրիպել է 11-մետրանոցից։ Հանդիպման վերջնահաշիվը ձևակերպվել է հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին՝ Գոռ Լուլուկյանի ջանքերով՝ 3-0։
Այս հաղթանակի շնորհիվ ԲԿՄԱ-ն իր միավորների թիվը հասցրել է 16-ի և լքել մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը։ Աղյուսակն այս պահին 15 միավորով եզրափակում է «Նոան», որն այս տուրի իր հանդիպումը դեռ չի անցկացրել։
«Լեռնային Արցախը» 21 միավորով շարունակում է 7-րդ տեղը զբաղեցնել։