Իտալական Ա Սերիայի 25-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել է «Լեչչեին» ու 4 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:
Խաղի հաշիվը 13-րդ րոպեին բացել է հռոմեացիների թուրք կիսապաշտպան Ջենգիզ Ունդերը՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գրավելով մրցակցի դարպասը: Հայ ֆուտբոլիստը խաղի արդեն 37-րդ րոպեին արդեն անձամբ աչքի ընկավ խփած գնդակով. ստանալով Էդին Ջեկոյի փոխանցումը՝ Մխիթարյանը դարպասապահի ոտքերի արանքով այն ուղարկեց դարպասը՝ հաշիվը դարձնելով 2:0:
Ի դեպ, Մխիթարյանն Ա Սերիայի խաղում առաջին անգամ է միաժամանակ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դառնում: Սա հայ ֆուտբոլիստի 5-րդ գոլն էր «Ռոմայի» կազմում Ա Սերիայում:
Եվս երկու գոլ հռոմեացիները խփել են երկրորդ կեսում: Նախ, 69-րդ րոպեին հյուրերի դարպասը գրավել է Էդին Ջեկոն, ապա 80-րդ րոպեին խաղի վերջանահաշիվը ձևակերպել է Ալեքսանդր Կոլարովը:
Այս հաղթանակի շնորհիվ «Ռոման» իր միավորների թիվը հասցրել է 42-ի ու շարունակում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնել: «Լեչչեն» 25 միավորով 16-րդ տեղում է: