Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն ասել է, որ ակումբը կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի 2022 թվականի աշխարհի առաջնությունից հետո։
«Կարծում եմ, երբ Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունն ավարտվի, մենք Բելինգհեմի հետ կքննարկենք, թե ինչ է նա իրականում ցանկանում: Նրա եւ նրա ծնողների հետ, որոնց հետ մենք շատ մտերիմ հարաբերություններ ունենք։ Եվ, իհարկե, իր ներկայացուցչի հետ։ Եվ հետո նա պետք է մեզ միայն ասի՝ ուզում է մնալ, թե՞ հեռանալ: Ամեն դեպքում, մենք իրար հետ շատ հաճելի ու ողջամիտ քննարկում կունենանք։ Բայց չպետք է ձեւացնել, թե հարցի ֆինանսական կողմը չի քննարկվում։»,Վատցկեի խոսքերն է մեջբերում BILD-ը։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված են եվրոպական շատ թոփ-ակումբներ, այդ թվում՝ «Չելսին», «Լիվերպուլը», «Ռեալը» և «Բավարիան»։
Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա անգլիացին Դորտմունդի «Բորուսիայի» կազմում 22 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 9 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:
























































