ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին արհամարհում է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի օգնականի զանգերը։ Իսպանական ակումբը մտադիր է վերադարձնել 35-ամյա արգենտինացի հարձակվողին, սակայն նա բանակցություններ է վարում «Ինտեր Մայամիի» հետ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսիի և ամերիկյան ակումբի ներկայացուցիչներն արդեն մի քանի տարի է քննարկումներ են ունենում տեղափոխության վերաբերյալ, և ամեն անգամ այս տրանսֆերի հավանականությունը մեծանում է։
Խորխե և Խոսե Մաս եղբայրները, որոնք Դևիդ Բեքհեմի հետ «Ինտեր Մայամիի» համասեփականատերերն են, բանակցություններ են վարում Մեսսիի հոր՝ Խորխե Մեսսիի հետ։
Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին բոլոր մրցաշարերում 17 հանդիպման է մասնակցել և դարձել է 12 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
























































