Ֆրանսիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին խոսել է կարիերան ավարտելու պատճառների մասին։
«Անցյալ շաբաթ ես մտածում էի կարիերաս ավարտելու մասին, բայց չէի կարծում, որ լիովին պատրաստ եմ դրան։ Երեք ամիս առաջ ես ինձ լավ էի զգում։ Դա հիանալի նախամրցաշրջանային հատված էր, բայց հետո ծնկի առաջին ցավն զգացի: Ա Սերիայի՝ «Ռոմայի» դեմ հանդիպմանը ես ցավերով էի խաղում։ Ես փխրուն մարդ չեմ, բայց հաջորդ երկու օրը չէի կարողանում շարժվել։ Բժիշկներն ասացին, որ իրավիճակը շատ ծանր է։ Փորձեցի վերականգնվել, չէի հավատում, որ դա ինձ կստիպի հեռանալ: Ես ուզում էի ինքս որոշել, թե երբ կավարտեմ կարիերաս։
Երեկ նայեցի մի տեսանյութ իմ կարիերայի մասին ու լաց եղա։ Ես զգայուն մարդ եմ, սիրտ ունեմ։ Ես գիտեի, որ այս օրը գալու է, բայց լավ չստացվեց: Շատ արագ եղավ ամեն ինչ։ Սա միայն ավելի շատ է ցավեցնում»,- Ռիբերիի խոսքն է մեջբերել La Gazzetta dello Sport-ը:
Ռիբերին պայմանագիր էր կնքել «Սալերնիտանայի» հետ անցած տարի։
























































