ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն վատթարացրել է հարաբերությունները թիմակիցների հետ։ Ինչպես հայտնում է Get French Football News-ը, փարիզյան թիմի մի քանի խաղացողներ դժգոհ են 23-ամյա ֆրանսիացու կարգավիճակից պայմանագրի երկարաձգումից հետո։
Մասնավորապես, ՊՍԺ-ի ավագ Մարկինյոսը մի քանի իսպանախոս խաղացողների հետ աջակցում է Լիոնել Մեսսիին ու Նեյմարին։
Բացի այդ, Մբապեն զրկվել է ֆրանսախոս Աշրաֆ Հակիմիի, Պրեսնել Կիմպեմբեի և Նորդի Մուկիելեի աջակցությունից։ Սակայն փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն շարունակում է մնալ հարձակվողի կողքին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն վճարել է կեղծ էջերի ստեղծման համար, որոնք պետք է քննադատեին Մբապեին։ ՊՍԺ-ն հերքել է այս տեղեկությունը։
Այս մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 13 հանդիպում և դարձել 12 գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
























































