ՊՍԺ-ի 34-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հերթական անգամ չկարողացավ գրավել Մադրիդի «Ռեալի» դարպասը: Նրա թիմը ՉԼ 1/8 եզրափակչի պատասխան խաղում 1-3 հաշվով պարտվեց մադրիդյան թիմին և դուրս մնաց հետագա պայքարից:
Մեսսին արդեն 9-րդ խաղն անընդմեջ չի կարողանում գրավել մադրիդցիների դարպասը: Վերջին անգամ «Ռեալի» դեմ խաղում գոլի հեղինակ է դարձել 2018 թվականին՝ կատալոնական «Բարսելոնայի» կազմում: Այդ 9 խաղերում նա նաև գոլային փոխանցման հեղինակ չի դարձել: «Ռեալի» դեմ Մեսսին ընդհանուր առմամբ 47 հանդիպում է անցկացրել և դարձել է 26 գոլի ու 14 գոլային փոխանցման հեղինակ:
Մեսսին 2021/22 մրցաշրջանի մեկնարկից առաջ է համալրել ՊՍԺ-ի կազմը: Նախորդ մրցաշրջանում նա հանդես էր գալիս «Բարսելոնայի» կազմում, որի հետ դուրս էր մնացել ՉԼ 1/8 եզրափակչից՝ ՊՍԺ-ից: Ընդ որում, Մեսսին արդեն 7-րդ տարին անընդմեջ չի կարողանում հայտնվել Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Վերջին անգամ նա ՉԼ եզրափակչում հանդես է եկել 2014/15 մրցաշրջանում, երբ «Բարսելոնայի» հետ հաղթել է «Յուվենտուսին» (3:1):
























































