Մադրիդի «Ռեալը» գերմանացի մասնագետ Յոահիմ Լյովին մտադիր է նշանակել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում: Լյովն այս պաշտոնում պետք է փոխարինի իտալացի մասնագետ Կառլո Անչելոտիին, հայտնում է El Nacional-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, վերջին տարում Լյովն իսպաներեն է սովորում, որպեսզի մարզչական գործունեություն ծավալի Իսպանիայի առաջնությունում: «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հիասթափված է թիմի՝ Անչելոտիի գլխավորությամբ ցուցադրած խաղից ու մտադիր է նրա փոխարեն նշանակել Լյովին:
62-ամյա Լյովը 2006-ից 2021 թվականներին մարզել է Գերմանիայի հավաքականը, որի հետ 2014 թվականին հաղթել է աշխարհի առաջնությունում:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը» 23 խաղից հետո 53 միավոր է վաստակել և գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը:
























































