Պյեր-Էմերիկ Օբամեյանգն այսօր պաշտոնապես տեղափոխվեց «Բարսելոնա»:
Գաբոնի հավաքականի 32-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով՝ խզելով պայմանագիրն «Արսենալի» հետ։ Օբամեյանգի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Այն իր մեջ ներառում է 2023 թվականի հունիսին դադարեցնելու տարբերակ։
Օբամեյանգի հրաժարագինն ըստ պայմանագրի կազմում է 100 միլիոն եվրո, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Միջազգային մամուլում երեկ լուրեր էին շրջանառվում, որ ֆուտբոլիստն այս մրցաշրջանում կվաստակի շաբաթական 5000 եվրո, իսկ նոր մրցաշրջանից նրա աշխատավարձը զգալիորեն կբարձրանա։
Այս մրցաշրջանում Օբամեյանգը Պրեմիեր լիգայում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































