ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում ղազախական «Կայրաթը» սեփական հարկի տակ ընդունել է շվեյցարական «Բազելին» և 2-3 հաշվով պարտություն կրել: Ընդ որում, ղազախական թիմի ֆուտբոլիստները երկու անգամ առջևում են եղել հաշվի մեջ:
«Կայրաթի» կազմում գոլերից մեկը հեղինակել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը՝ փոխարինման մտնելուց մեկ րոպե անց՝ 56-րդ րոպեին, դառնալով գոլի հեղինակ: «Կայաթի» առաջին գոլն էլ իր ակտիվում գրանցել է Վագներ Լավը՝ 23-րդ րոպեին բացելով հանդիպման հաշիվը:
Ի դեպ, «Կայրաթը» խաղն ավարտել է 10 հոգով. Յան Վորոգովսկին 5րոպեում երկու դեղին քարտ է ստացել և 93-րդ րոպեին հեռացվել խաղադաշտից:
Խմբային փուլի 5 խաղից հետո «Կայրաթը» եզրափակում է H խմբի մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով ընդամենը 1 միավոր: Առաջատարը «Բազելն» է՝ 11 միավորով: Դեկտեմբերի 9-ին «Կայրաթը» հյուրընկալվելիս կխաղա Կիպրոսի «Օմոնիայի» հետ:
























































