«Վերոնայի» հարձակվող Ջովանի Սիմեոնեն կարող է կարիերան շարունակել «Վեսթ Հեմում», հայտնում է Daily Express-ը։ Լոնդոնյան ակումբը հետաքրքրված է 26-ամյա հարձակվողին ձեռք բերելու հարցում։ Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Կալյարիին»։
Ընթացիկ մրցաշրջանում Սիմեոնեն «Վերոնայի» կազմում անցկացրել է 10 հանդիպում, դարձել 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Ամռանը հաղորդվում էր, որ «Զենիթը» և «Մարսելը» հետաքրքրված են «Աթլետիկոյի» գլխավոր մարզչի որդով։ Սիմեոնեն 2019 թվականին վարձավճարով «Ֆիորենտինայից» է տեղափոխվել «Կալյարի»։ 2020 թվականին Կալյարին գնել է ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը։ Նախորդ մրցաշրջանում արգենտինացի հարձակվողը մասնակցել է Իտալիայի առաջնության 33 հանդիպման, դարձել 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Կալյարիի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականը։ Transfermarkt պորտալը Սիմեոնեի տրանսֆերային արժեքը գնահատում է 11 մլն եվրո, նախկինում հարձակվողը հանդես է եկել Բանֆիլդում, Ռիվեր Փլեյթում և Ջենոայում։
























































