Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականն ավարտել է Ուկրաինայի Կամենեց –Պոդոլսկ քաղաքում անցկացրած ուսումնամարզական հավաքը, հայտնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:
Հավաքները կշարունակվեն Երևանում և Աբովյանում: Հիշեցնեն, որ մեր հավաքականը կմասնակցի Տաշքենդում դեկտեմբերի 7-11-ը կայանալիք աշխարհի առաջնությանը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հայտնել է, որ Եվրոպայի երիտասարդների և մեծահասակների չեմպիոնի կոչումը նվաճած, էջմիածինցի Կարեն Ավագյանի գոտկատեղի վնասվածք ունի և չի մասնակցի աշխարհի առաջնությանը:
Մասնագետը նաև նշել է, որ աշխարհի առաջնության ավարտից հետո տեղի կունենա մարզաձևի միջազգային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական գագաթաժողովը: Կքննարկվեն բազմաթիվ հարցեր, որին կհաջորդի նախագահի և ֆեդերացիայի ղեկավար կազմի ընտրությունները:
Աշխարհի առաջնությանը Հայաստանից կմասնակցեն․
Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ),
Անդրանիկ Կարապետյանը (89 կգ),
Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ),
Սամվել Գասպարյանը (102 կգ),
Սիմոն Մարտիրոսյանը, Արսեն Մարտիրոսյանը (109 կգ),
Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը (+109 կգ):