«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կիսվել է «Չելսիի» հարձակվող Թամի Աբրահամի՝ հռոմեական թիմ տեղափոխվելու վերաբերյալ իր կարծիքով:
Հռոմեական ակումբը 23-ամյա խաղացողին ձեռք է բերել 40 միլիոն եվրոյով:
«Առայժմ նախընտրում եմ ասել՝ պարզապես սպասեք և կտեսնեք: Սա ասում եմ լիակատար վստահությամբ: Ես նրան ճանաչում եմ մանկուց: Նա չէր խաղում իմ ղեկավարությամբ, քանի որ 14-16 տարեկան էր, երբ ես «Չելսիում» էի: Բայց ես նրան լավ եմ ճանաչում ՝ և՛ որպես խաղացող, և՛ որպես մարդ: Նա որոշում կայացրեց հեռանալ Պրեմիեր լիգայից, ինչը միշտ էլ դժվար է անգլիացի խաղացողի համար:
Սա շատ բան է ասում նրա մասին: Պրեմիեր լիգան լքելը խոսում է նրա հավակնությունների մասին: Նա մեկնում է ազգային հավաքական վերադառնալու, Աշխարհի առաջնությունում խաղալու, Անգլիայից դուրս հաջողությունների հասնելու համար, որտեղ անգլիացի ֆուտբոլիստներից քչերին է հաջողվել փայլուն կարիերա ունենալ:
Եվ ահա նա գալիս է այստեղ նման ամբիցիաներով: Հուսով ենք տեսնել նրա լավագույն որակները: Հիմա ինձ շատ են դուր գալիս հարձակման գծի այն տարբերակները, որոնք մենք ունենք», — մեջբերում է Մոուրինյուին ակումբի մամուլի ծառայությունը: